Եվրոպական Միությունը դիտարկում է SWIFT միջազգային վճարային համակարգից ավելի քան 20 ռուսաստանյան բանկեր անջատելու, ինչպես նաև ռուսաստանյան նավթի գնային շեմի իջեցման և «Հյուսիսային հոսք» գազատարների արգելքի հնարավորությունը: Պատժամիջոցների նոր փաթեթն ուղղված է Մոսկվայի վրա ճնշումն ուժեղացնելուն՝ ՈՒկրաինայի դեմ պատերազմը դադարեցնելու նպատակով։ ԵՄ պատժամիջոցները պահանջում են բոլոր անդամ պետությունների աջակցությունը և կարող են փոփոխվել, նախքան դրանք պաշտոնապես կառաջարկվեն և կընդունվեն։               
 

«Ավրորա» մրցանակի չորս հավակնորդները

«Ավրորա» մրցանակի չորս հավակնորդները
16.03.2016 | 11:56

«Ավրորա» մրցանակն ընտրող հանձնաժողովը հայտարարել է մրցանակի դափնեկրի չորս հավակնորդների անունները. Մարգարիտ Բարանկիցեն՝ Բուրունդիից, դոկտոր Թոմ Քաթինան՝ Սուդանից, Սայիդա Ղուլամ Ֆաթիման՝ Պակիստանից և Հայր Բեռնար Կինվին՝ Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետությունից: «Ավրորա» մարդասիրական համաշխարհային մրցանակն ամեն տարի շնորհվելու է նրան, ով անձնվիրաբար օգնում է մարդկանց։ Դափնեկիրները ճանաչման են արժանանալու իրենց արարքների բացառիկ ազդեցության և նշանակության համար։ Դափնեկիրն ստանալու է 100000 ԱՄՆ դոլարի պարգև և նվիրատվության շղթան շարունակելու հնարավորություն՝ 1000000 ԱՄՆ դոլարի դրամաշնորհի ներկայացնելով իրեն ոգեշնչած մարդասիրական կազմակերպություններին։ «Ավրորա» մրցանակը հիմնել են 100 LIVES նախաձեռնության հիմնադիրները՝ ի երախտագիտություն նրանց, ովքեր Հայոց ցեղասպանության տարիներին փրկության ձեռք մեկնեցին հայերին: Ամենամյա մրցանակն ստեղծվել է մարդկության ուշադրությունը ևս մեկ անգամ ուղղելու աշխարհում տեղի ունեցող աղետներին և ոճրագործություններին և խրախուսելու այն հերոսների ջանքերը, որ մարդկային կյանքեր են փրկում:
«Չորս հավակնորդներն էլ իրենց մեջ ուժ են գտել պայքարելու անարդարության և բռնության դեմ: Մենք «Ավրորա» մրցանակով ոչ միայն խրախուսում ենք, այլև սատար ենք կանգնում այն հերոսներին, որոնք հանուն մարդասիրության պայքարում են հալածանքների և անարդարությունների դեմ: 100 տարի առաջ մարդիկ օգնության ձեռք մեկնեցին մեր նախնիներին, այսօր մենք շնորհակալություն ենք ասում նրանց՝ փառաբանելով նույն ոգով այսօր պայքարող հերոսներին»,- ասաց ընտրող հանձնաժողովի անդամ և 100 LIVES նախաձեռնության համահիմնադիր Վարդան Գրեգորյանը։
«Ավրորա» մրցանակի հավակնորդներից Մարգարիտ Բարանկիցեն աշխատում է Բուրունդիի Խաղաղության Տուն (Maison Shalom) խնամքի տանը և REMA հիվանդանոցում: Բուրունդիի քաղաքացիական պատերազմի տարիներին հազարավոր կյանքեր է փրկել՝ խնամելով որբերին ու փախստականներին։ Ազգությամբ թութսի Բարանկիցեն պատերազմի սկզբում հետապնդումից փրկելու նպատակով փորձել է թաքցնել ազգությամբ հուլու 72 ամենամոտ հարևաններին, սակայն երբ նրանց գտել են, բոլորին տեղում սպանել են՝ դրա բռնի ականատեսը դարձնելով նաև Բարանկիցեին։ Այս դաժան միջադեպից հետո Մարգարիտն իր կյանքը նվիրել է փախստականներին և երեխաներին խնամելու գործին։ Նա փրկել է ընդհանուր առմամբ 30000 երեխայի և 2008-ին հիվանդանոց հիմնել, որտեղ մինչ օրս բժշկական օգնություն է ստացել 80000 մարդ։
Դոկտոր Թոմ Քաթինայից բացի, Սուդանի Նուբա լեռների «Գթության Մայր» հիվանդանոցում ուրիշ բժիշկ չկա։ Ամերիկացի մասնագետը Հարավային Սուդանի հետ սահմանամերձ այս գոտում մշտական ներկայություն ունեցող միակ բժիշկն է, անձամբ է պատասխանատու տարածաշրջանի 500000 բնակչի բուժսպասարկման համար։ Չնայած Սուդանի կառավարության կողմից տարածքի բազմակի ռմբակոծումներին, դոկտոր Քաթինան մարդկանց օրուգիշեր հասանելի լինելու համար մշտապես ապրել է հիվանդանոցի տարածքում։ Նրա անձնվեր գործունեությունը լուսաբանվել է բազմաթիվ լրատվամիջոցների և մարդասիրական օգնություն տրամադրող կազմակերպությունների կողմից: TIME պարբերականը 2015-ին նրան ճանաչել է ամենաազդեցիկ անհատներից մեկը։
Սայիդա Ղուլամ Ֆաթիման իր կյանքը նվիրել է պարտքի դիմաց ֆիզիկական շահագործման ենթարկվողներին փրկելուն՝ փորձելով վերացնել մերօրյա ստրկության վերջին ձևերից մեկը։ Ֆաթիման Պակիստանի «Կախյալ շահագործվողների ազատագրության ճակատի» (BLLF) գլխավոր քարտուղարն է։ Կազմակերպության ջանքերով փրկվել են աղյուսի թրծման գործարաններում պարտքի դիմաց բռնությամբ աշխատող հազարավոր մարդիկ, այդ թվում՝ 21000 երեխա։ Նրանց պարտքի տոկոսներն այնքան բարձր են, որ այդ մարդիկ ամբողջ կյանքում, ըստ էության, հարկադրված են աշխատել ծայր աղքատության և հաճախ նաև դաժան պայմաններում։ Ֆաթիմայի դեմ բազմաթիվ մահափորձեր են իրականացվել։ Գործունեության ընթացքում նա բազմիցս ենթարկվել է ֆիզիկական բռնության։
Հայր Բեռնար Կինվին հոգևորական է դարձել 19 տարեկանում, երբ երկարատև բռնությունների ու հիվանդության հետևանքով կորցրել է հորն ու չորս քույրերին։ Հեռանալով հայրենի Տոգոյի Լոմե քաղաքից՝ Հայր Կինվին տեղափոխվել է Կենտրոնաաֆրիկյան Հանրապետություն: Սահմանամերձ փոքրիկ Բոսսեմտելե քաղաքում նա գլխավորել է տեղի կաթոլիկ միսիան՝ դպրոցը, եկեղեցին և Հովհաննես Պողոս Բ պապի անունը կրող հիվանդանոցը։ Սակայն 2012 թվականին Կենտրոնաաֆրիկյան Հանրապետությունում մուսուլմանական Սելեկա դաշինքի ապստամբների և Հակաավտոմատավորների քրիստոնյա աշխարհազորի միջև (Anti-balaka) քաղաքացիական պատերազմ է բռնկվում։ Բռնությունների ընթացքում Հայր Կինվիի միսիան ապաստարան ու բժշկական օգնություն է տրամադրել հակամարտության երկու կողմերի տուժածներին՝ հետապնդումից ու մահից փրկելով հարյուրավոր մարդկանց։
«Ավրորա» մրցանակի հավակնորդների հայտերն ընդունվում էին 2015-ի հուլիսից հոկտեմբեր՝ «Ավրորա» մրցանակի կայքի միջոցով: Հավակնորդներն առաջադրվել են իրենց անձնազոհ աշխատանքի համար՝ բռնությունների դեմ պայքարից մինչև կոնֆլիկտային գոտիներում մարդկանց բուժօգնություն ցուցաբերելը:
Հավակնորդներից մեկը կլինի «Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակի առաջին դափնեկիրը: Նրան մրցանակը կշնորհի ընտրող հանձնաժողովի համանախագահ Ջորջ Քլունին ապրիլի 24-ին, Երևանում: «Ավրորա» մրցանակի հավակնորդները ճանաչման կարժանանան երկօրյա միջոցառումներում՝ մասնակցելով նաև աշխարհում մարդասիրության կարևորագույն հիմնախնդիրների շուրջ քննարկումներին, որոնց մասնակցելու են միջազգային կազմակերպություններ, այդ թվում՝ International Center for Journalists, Not On Our Watch, International Rescue Committee:

Դիտվել է՝ 720

Մեկնաբանություններ